ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

4. Մարդիկ, որոնք սպասում են նորից միասին լինելուն

սկիզբը՝ «Առավոտ», 25.08.2010, 27.08.2010, 07.09.2010

Մենք շտապ դուրս եկանք Էրեբունիից, որ Դիանային չսպասեցնենք. նրա հետ հանդիպելու էինք ժամը 12:00-ին: Դիանան սպասում էր Դայմոնդում, նա՝ իր շեղ աչքերով, խոսելաձեւով, ժեստերով նմանվում էր կենտրոնական ասիացու: Մեր ընկերը ոչ կառավարական մի կազմակերպությունում հայ-թուրքերեն դասընթացներ է կոորդինացնում եւ կատարելապես տիրապետում է թուրքերենին: Հասարակական կազմակերպությունները Հայաստանում բավականին աչքի են ընկնում: Ցանկալի է, որ արտաքին ու ներքին քաղաքականության մեջ զարգացող հարաբերությունները բարելավվեն այս կազմակերպությունների օգնությամբ: Հատկապես արեւմտյան կազմակերպությունները մեծ կարեւորություն են տալիս ոչ կառավարական հայաստանյան կազմակերպություններին: Եվ որպեսզի հասկանանք, թե ինչ օպերատիվ են Հայաստանում արեւմտյան կազմակերպությունները, բավական է նայել ամերիկյան դեսպանատանը: Այն կարեւորությունը, որ արեւմտյան երկրները տալիս են Կովկասի ինտեգրմանը, տարբեր նշանակություն ունի հայ-թուրքական հարաբերությունների համար: Այս երկրները նախ եւ առաջ փորձում են աշխատել Բաքու-Թբիլիսի-Երեւան հարաբերությունները կոորդինացնելու վրա: Թուրքիան կարող է ձեռք բերել բարենպաստ արդյունքներ այն վերլուծություններից, որ ինքն է անձամբ մշակում: Դիանան ասաց, որ նախորդ օրը իրենք կազմակերպել էին գիտաժողով- տեսակամուրջ Բաքվի հետ: Նման նախաձեռնությունը շատ կարեւոր է՝ միջավայրում երկխոսություն ստեղծելու համար, եւ դա պետք է կազմակերպվի Թուրքիայի ու Հայաստանի միջեւ՝ հարաբերությունները բարելավելու համար: Դիանան ասաց, որ իրենք աջակցում են ցանկացած տիպի ասոցիացիայի եւ մտածում են, որ սահմանափակ ժամկետում պետք է մեծ աշխատանքներ արվեն: Մենք համակարծիք էինք նրա հետ հնարավոր ընդհանուր ծրագրեր կազմակերպելու հարցում: Դիանան նաեւ ասում էր, որ շատ էական կլինի հանդիպումներ կազմակերպելը, որոնց ժամանակ երկու երկրների երիտասարդները կկարողանան մասնակցել եւ օգտվել ցանկացած հնարավորությունից՝ կոորդինացնելու ընդհանուր կրթական ծրագրեր, իսկ մտքի փայլատակումների ժամանակ կկարողանան արտահայտել իրենց տեսակետները: Հենց այդ ժամանակ մեսիջ ստացա Կարինեից՝ «Մենք կարող ենք հանդիպել իմ ընտանիքին, ժամը 15:00-ին, եղեք Էրեբունիում»: Երբ ստացա այն նորությունը, որին արդեն մի քանի օր էր՝ սպասում էի, վերադարձանք Էրեբունի ու սկսեցինք պատրաստվել: Ժամը 3-ին հանդիպեցինք եւ գնացինք Նոր Մալաթիայի ավտոկայան եւ նստեցինք Արագածոտնի մարզ տանող երթուղայինը: 40 րոպեանոց երկար ճանապարհն անցնելուց հետո սպասեցինք մինչեւ մեր ընկերոջ հայրը՝ Վահանը, իր մեքենայով մեր հետեւից եկավ: Վահանը, ում պատկերացնում էի խոժոռ դեմքով ու խիստ մի մարդ, դուրս եկավ մեքենայից եւ ձեռքով բարեւեց մեզ: Մենք էլ նրան հայերեն ասացինք՝ «Բարեւ»: Նստեցինք մեքենան եւ ուղեւորվեցինք: Ճանապարհի մի մասն անցնելուց հետո, մի տեղ կանգնեցինք, որ մեր շշերը ջրով լցնենք. այդ վայրը տիպիկ անատոլիական գյուղ էր հիշեցնում: Երբ հասանք նրանց տուն, հանդիպեցինք Կարինեի մեծ եղբորը՝ Սարգիսին, ու մորը՝ Անահիտին, փոքր եղբայրը՝ Արթուրը, իր հոր հետ եկել էր մեզ դիմավորելու: Տան կառուցվածքը նման էր մեր տներին: Հատկապես այս ընտանիքի պահելաձեւը նպաստեց, որ մեզ զգանք՝ ինչպես մեր տանը: Երբ գնացինք հյուրասենյակ, Վահանը մեզ ասաց՝ քանի որ տարբեր տեսակի մսերի հանդեպ հնարավոր է մենք զգայուն գտնվենք, որոշել է մեզ հյուրասիրել ձուկ եւ ճուտ: Քանի որ նա գիտեր, որ թուրքերը չեն ուտում ձկան գլուխ, նա մաքրել էր ձուկն ամբողջությամբ: «Դուք,- ասաց նա,- իմ եղբայրներն եք»:
Վահանը, ում հայրն ու մայրը Վանից ու Մուշից են, գիտի թուրքերեն՝ շնորհիվ մոր, ով մահացել է 10 տարի առաջ: Նա, մատնացույց անելով իր զավակներին, ասաց. «Նրանք իմ գանձերն են», ապա մեզ ասաց. «Դուք իմ տովարիշչն եք»:
Տան բակում նա տեղավորել էր մեծ թավան, նախապատրաստել էր միսն ու բանջարեղենը: Երբ ամեն ինչ պատրաստ էր, սկսեցինք ուտել: Ուտելու ընթացքում խոսեցինք մեր երկրների մասին՝ ճաշատեսակների, մշակույթի եւ ընդհանուր բառերի: Թուրքերեն «ջան» բառը սեր է արտահայտում եւ նրանց լեզվում էլ է կիրառվում՝ Վահանը մեզ դիմում էր «Մեհմեդ ջան, Իսմայիլ ջան»: Մենք ուշադրություն դարձրեցինք նաեւ «չիկ» վերջածանցի վրա, որը շատ են օգտագործում: Ասացինք, որ ըստ սովորույթի, թուրք զինվորին կանչում են «Մեհմեդչիկ», նրան դուր եկավ այդ բառը եւ հիշատակեց Անատոլիայի իր մի քանի ընկերներին: Նա ասաց, որ չնայած սահմանների փակ լինելուն, ընկերներով հանդիպում են, եւ թեթեւանում է Վահանի՝ ծննդավայրը տեսնելու բուռն ցանկությունը: Վահանը՝ արցունքն աչքերին, ասում էր, որ մի քանի տարի առաջ գնացել է Վան ու այնտեղից մի քիչ աղ է բերել: Այդ աղով, որը միշտ իր բարձի տակ է պահում, նա կարողանում է թոթափել հայրենիքը տեսնելու բուռն ցանկությունը: Հետո էլ խնդրեց իր փոխարեն մասնակցել Աղթամարում անցկացվող եկեղեցական ծեսին:
Ուտելուց հետո սկսեցինք խմել երկու երկրների համար էլ կարեւոր նշանակություն ունեցող ըմպելիքը՝ թեյը: Հայերենով այն կոչվում է թեյ: Վահանը խորը շունչ քաշեց ու ասաց. «Ճիշտ՝ ինչպես Մուշում, այնպես չէ՞»: Երեկոն իր հետ սառնություն բերեց, եւ մենք ներս մտանք տուն: Վահանն ասաց, որ արդեն շատ ուշ է, եւ մենք չենք կարողանա Երեւան գնալ, որովհետեւ այս ժամին Երեւան տանող ավտոբուս չկա:
Նրա կինը իսկապես ամոթխած տնային տնտեսուհի է: Նա այնքան ամուր կազմվածք ունի, որ երբեք չի հոգնում: Ցանկացանք, որ նա էլ մեզ հետ նստի ու զրուցի: Ավելի ուշ մենք նրան նվիրեցինք թուրքական քաղցրավենիք՝ մոտ օրերս նրա ծննդյան տարեդարձն է լինելու: Նոր սերունդը թուրքական քաղցրավենիքի մասին շատ բան չգիտի, բայց Վահանը դրա նշանակության մասին գիտեր: Անահիտը շնորհակալություն հայտնեց նվերի համար, ու մենք նրան մաղթեցինք առողջ ու երջանիկ կյանք:…
Շարունակելի

ՄԵՀՄԵՏ ՖԱՏԻՀ ՕԶՏԱՐՍՈՒ
«
Կասպյան շաբաթաթերթ»

http://aravot.am/am/articles/economy/83083/view

You can leave a response, or trackback from your own site.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: Free Web Space | Thanks to Best CD Rates, Boat Insurance and software download