Հայաստանյան ժամանակագրություն

5.Պատմական անհասկացությունները եւ ճշմարտությունը պահելու փորձերը

Սկիզբը՝ «Առավոտ», 25.08.2010, 27.08.2010, 07.09.2010, 09.09.2010

Կովկասի ժողովուրդների համար պարտադիր սովորություն է՝ մեր սեղանները մշտապես լի են: Քաղցրավենիքի որոշ տեսակներ, ըմպելիքներ եւ թխվածքներ… մինչ հայկական թեյն էինք ըմպում, զրուցում էինք պատմության եւ քաղաքականության շուրջ: Մեր զրույցի գլխավոր թեմաներն էին՝ ո՞վ է պատասխանատու մեր ազգերի միջեւ եղած այս անհամաձայնության համար, ո՞վ չի ուզում խաղաղություն եւ, իհարկե՝ քաղաքական գործիչների անխոհեմ քայլերը:
Կարծում ենք՝ հատկապես կարեւոր է Օսմանյան կայսրության մասին ճիշտ տեղեկատվության տրամադրումը: Հայերը կարծում են, որ ամեն ինչի գլխավոր պատասխանատուները հրեա քաղաքական գործիչներն էին կամ բիզնեսմենները, որովհետեւ երբ millet-i sadika-ները («հավատարիմ ենթականեր»՝ այդպես էին, ըստ թուրք պատմագիրների, հայերին անվանում թուրք սուլթանները՝ հայերի հանդեպ իրենց ջերմ վերաբերմունքը ցուցադրելու նպատակով) Օսմանյան կայսրության չինովնիկական ապարատում կարեւոր դիրքեր էին գրավում, հավատացնում էին, որ որոշ գործոններ կռիվների առիթ են տվել: Ցանկանում ենք ցույց տալ մեդալի հակառակ երեսը, պատմելով, թե Օսմանյան կայսրության տարածքը (որտեղ կային նավթով հարուստ  կարեւոր շրջաններ) ինչպես էր դարձել թիրախ՝ իմպերիալիստական ուժերի համար, որոնք ցանկանում էին օգտագործել այդ տարածաշրջանում բնակվող ազգային փոքրամասնություններին, որովհետեւ եվրոպական քաղաքականությունը, որին չէր բավարարում սահմանադրական միապետության համակարգը, անհանգստացած էր այն բարեկամական միջավայրով, որը ստեղծվել էր այդ սահմանադրության հետեւանքով: Սահմանադրական միապետությունը, որը ստեղծեցին երիտթուրքերը, հիմք դարձավ, որ օսմանյան երկրում ապրող տարբեր ազգություններ ստեղծեն բարիդրացիական միջավայր: Սակայն արտաքին ուժերը, կասկածելով, որ Օսմանյան կայսրությունը կարող է լուծել իր առջեւ ծառացած խնդիրները, հատկապես փոքրամասնությունների խնդիրները, հրահրեցին մարտի 31-ի իրադարձությունները, որը հանգեցրեց 1909-ի Ադանայի իրադարձություններին: Ադանայում տեղի ունեցածը, որը մինչեւ այսօր հայերի համար մեծ խնդիր է մնում, քանդում է բարիդրացիական  միջավայրը եւ ազգերի միջեւ թշնամության պատճառ դառնում: Հայերը, որոնք չեն կարողանում համակերպվել այն բանի հետ, որ քշվել են իրենց սեփական երկրից եւ կորցրել են իրենց ազգակիցներին, դարձել են թուրքերի թշնամիները՝ քարոզչության օգնությամբ: Այն երկրները, որոնք հրահրում են կոնֆլիկտներ երկու ազգերի միջեւ, ավելի են օգտվում, հատկապես այն ժամանակ, երբ, այսպես կոչած, «ազգային-պետական համակարգը» գլուխ է բարձրացնում:
Վահանը լսում էր մեզ զգուշորեն եւ շատ ժամանակ գլխով համաձայնության նշան էր անում: Ի պատասխան իմ հարցին՝ «Ինչ-որ բան փոխվել է դարերի ընթացքում, Արեւմտյան Անատոլիան այլեւս նախկինը չէ: Դու դեռ ուզո՞ւմ ես այնտեղ գնալ»,  նա պատասխանեց. «Անշուշտ, ես դեռ հույս ունեմ, որ այնտեղ կապրեմ ու կմահանամ»: Դրանից հետո սկսեց երգել «Սարի գելին՝ դեղին հարս» ժողովրդական երգը: Երգն ավարտելուց հետո նա հայտարարեց, որ այս երգը պատկանում է Թուրքիային, եւ անիմաստ բանավեճերը շեղում են հասարակությանը եւ երկու կողմերին էլ խանգարում են ընդհանուր եզրեր գտնել: Ես նրան հիմա ավելի շատ եմ հարգում, քան առաջ:
Ուշ գիշերվա մեր զրույցի ժամանակ խոսեցինք նաեւ զինվորական ծառայության մասին: Երբ իմացանք, որ Հայաստանում զինվորները ծառայում են երկու տարի,  չզարմացանք, որովհետեւ գիտեինք, որ հայ երիտասարդի համար ամենադժվարը երկու տարի Ղարաբաղում ծառայելն է: Այս սառեցված կոնֆլիկտը ուժասպառ է անում եւ’ ադրբեջանցի, ե՛ւ հայ զինվորին: Այնուամենայնիվ, շատ կարեւոր է հաստատակամությամբ ընդառաջ քայլեր անել դեպի խաղաղություն: Այդ ուղին երկու երկրների երիտասարդներին էլ հնարավորություն կտա իրենց երկրների համար լավ բաներ անելու:
Զրույցի նորանոր թեմաներ էին վերհանում, երբ Անահիտն ասաց, թե չի ցանկանում, որ շատ հոգնենք եւ դրա համար պատրաստել է մեր անկողինները: Բարի գիշեր մաղթելով ընտանիքի  անդամներին, գնացինք մեր սենյակ՝ հանգստանալու: Իսմայիլը շատ հոգնած էր… Նա արագ քնեց: Ես չկարողացա միանգամից քնել ու սկսեցի մտածել ազգերի միջեւ առկա խնդիրների մասին: Հաջորդ օրը նախաճաշից հետո հեռացանք այդ տնից: Շնորհակալություն հայտնեցինք նրանց ու ուղեւորվեցինք Երեւան: Ամբողջ ճանապարհին մտաբերում էինք մեր շփումները եւ վերապրում նման մարդկանց ճանաչելու բավարարվածությունը:
Հետո Կարինեին ասացինք, որ որոշել ենք գնալ Էջմիածին՝ Հայաստանի Վատիկանը:  Երեւան-Էջմիածին ճանապարհին շատ կազինոներ կան: Իմ կարծիքով՝ հոգեւոր կենտրոն տանող ճանապարհին այդ խաղատները ամենեւին չեն սազում: Էջմիածնում եղանք եկեղեցիներում, լսեցինք հոգեւորականների զրույցները, ուսումնասիրեցինք  զբոսաշրջիկներին: Բոլոր եկեղեցիները կառուցված են հատուկ քարերով եւ ունեն ազդեցիկ տեսք: Հայկական ճարտարապետական արվեստը հեշտությամբ է նկատվում: Ես գիտեմ Օսմանյան կայսրության ժամանակների շատ հայ ճարտարապետների: Հոգեւորականները պատարագ էին մատուցում եկեղեցում եւ զրուցում էին զբոսաշրջիկների հետ՝ դրսում: Զբոսաշրջիկների մի մասը եկել էր տեսաժան վայրեր տեսնելու, մի մասը՝ պատարագին մասնակցելու: Կարինեն ասաց, թե չի հասկանում՝ ինչո՞ւ են զբոսաշրջիկներն այստեղ գալիս շորտերով կամ տոպերով: Ես համաձայնեցի նրա հետ՝ ասելով, որ մեզ մոտ մզկիթներում նախազգուշացնում են, որ այցելուները նման տեսքով չմտնեն ներս: Շատրվանները եւ հուշարձանները, որ զարդարված էին տարբեր տեսակի խորհրդանիշներով, ստեղծում են հոգեւոր մի միջավայր, որտեղ կարող ես լսել հոգուդ ձայնը: Այս հոգեւոր վայրերը այցելելուց հետո վերադարձանք Երեւան եւ վերջին անգամ ընթրեցինք «Դայմոնդում»: Ընթրիքի ժամանակ շնորհակալություն հայտնեցինք Կարինեին՝ աջակցության համար: Նա ասաց, որ սա խաղաղության եւ բարիդրացիական կամուրջի առաջին քարն է:
Մենք տխուր ենք, որ հեռանում ենք Հանրապետության հրապարակից: Երկուշաբթի առավոտյան մենք պետք է հասնենք Երեւանի ավտոկայարան եւ նստենք Թբիլիսի տանող ավտոբուսը: Հաջողություն մաղթեցինք Կարինեին եւ լուսանկարվեցինք մոթելի տիրուհու հետ: Երեւանը մեզ թվաց մի անձ, ով չի կարող իր սիրեցյալին հայտնել իր սիրո մասին:

ՄԵՀՄԵՏ ՖԱՏԻՀ ՕԶՏԱՐՍՈՒ
«
Կասպյան շաբաթաթերթ»

http://aravot.am/am/articles/guidepark/83250/view

You can leave a response, or trackback from your own site.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: Free Web Space | Thanks to Best CD Rates, Boat Insurance and software download