ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1. Նայե՞լ Թուրքիային Հայաստանի դիտանկյունից, թե՞ ոչ…

Քաղաքական զարգացումները, որոնք տեղի են ունենում Բաքվում, որտեղ ես մի քանի տարի է՝ բնակվում եմ, դարձան իմ հետազոտությունների առարկան եւ ստիպում են ինձ ավելի խորը հետաքրքրություն դրսեւորել աշխարhի այն հատվածի հանդեպ, որում ես ապրում եմ:

 Կովկասը, որն ուղղակի ազդեցություն ունի Թուրքիայի ռազմավարական դիրքի վրա եւ ժամանակ առ ժամանակ Թուրքիայի թույլ տեղն է արտաքին քաղաքականության մեջ, ազգերի միաձուլման մի տեսակ է՝ նրանց յուրաքանչյուրին ներհատուկ տարբեր տարրերով: Այն փաստը, որ ես իրականացնում էի իմ կովկասյան հետազոտությունը միայն Բաքու-Թբիլիսի եւ Անկարա ուղղությամբ, ստիպեցին ինձ հասկանալ առկա թերություններս որոշ առումներով: Կովկասյան կարեւորագույն եռյակն անտեսելը՝ համեմատելով այն օտար աղբյուրներից կամ ինչ-որ անձից ստացված ինֆորմացիայի հետ, թույլ չի տալիս մեզ հասկանալու խնդիրների մեծ մասը: Անհնար է հետազոտել Կովկասը՝ առանց դիտարկելու Բաքու-Թբիլիսի-Երեւան եռյակը:

Ես որոշել եմ Երեւան այցելել այն մարդկանց խորհրդով, որոնց բնութագրին ու գիտելիքներին վստահում եմ: Երբ համեմատում եմ Երեւանի մասին մարդկանց պատմածները եւ իմ պատկերացումները, շատ կետեր եմ տեսնում անտեսված: Մենք արդեն որոշել ենք ճանապարհը՝ բոլոր նախապատրաստություններն անելով Անկարայում: Թուրքիայից Երեւան հասնելու ամենահարմար ճանապարհը Տրապիզոնից Թբիլիսի գնալն է, այնտեղից էլ՝ Երեւան:

Մենք Անկարայից Տրապիզոն մեկնեցինք: Քանի որ Թբիլիսիի ավտոբուսը ճանապարհ է ընկնում երեկոյան, 12 ժամ մնացինք Տրապիզոնում: Կայարանակից հյուրանոցում մի քիչ հանգստանալուց հետո գնացինք քաղաքի կենտրոն՝ զբոսնելու: Մինչ զբոսնում էինք, մի հարց շարունակ պտտվում է մեր մտքում՝ ի՞նչ կլինի, եթե Հայաստանը չարդարացնի մեր սպասումները: Ի՞նչ կլինի, եթե մեզ մերժեն սահմանում: Ի՞նչ կլինի, եթե մեզ հարցաքննեն: Չէ՞ որ մենք առնվազն պետք է ավարտենք այս առաքելությունն իբրեւ թուրքեր, ովքեր հոժարակամ են՝ ինչ-որ բան անել այս հարցի առնչությամբ:

Մենք նստեցինք Թբիլիսիի ավտոբուսը՝ մեզ հետ վերցնելով մեր հայ ընկերների համար գնված նվերները: Մի քանի ուղեւորներով լցված ավտոբուսը մեզ սպասեցնել տվեց Սարպիի անցակետի մոտ: Ժամը 3-ին Սարպիից մեկնելով՝ մենք շարժվեցինք Թբիլիսի: Երբ ժամանեցինք Թբիլիսի, անմիջապես գտանք Երեւան տանող ավտոբուսը՝ ուղեւորափոխադրող ընկերության օգնությամբ: Անշուշտ, մենք արդեն վերջացրել էինք Հայաստանի եւ Հայկական հարցի մասին գրված կարեւոր գրքերը Թբիլիսիի ավտոբուսում:

Դեպի Երեւան շարժվեցինք ուշացումով: Մենք ուղեւորվեցինք դեպի Վրաստանի հարավ, սկզբում Մառնեուլին էր, հետո՝ Աիսկան… 2 ժամ հետո հասանք Հայաստանի սահմանի մոտ: Սկսեցինք քայլել դեպի Հայաստանի սահմանը ձեւավորող Դեբեդ գետի ուղղությամբ՝ Վրաստանից դուրս գալուց հետո: Հասանք սահմանին մի քիչ հուզված: Ընկերոջս՝ Իսմայիլի հետ, կանխատեսելով հնարավոր բոլոր իրադրությունները, իրար առաջարկում էինք պատրաստ լինել ամեն ինչի: Սահմանային դարպասի մոտ աշխատակիցները մարդկանց առաջնորդում էին մի այլ բաժին՝ վիզա ստանալու համար: Երեւան այցելած երկու մարդու գրած գրքում նկարագրված «երջանիկ սահմանապահ» պատկերն իրականություն դարձավ այստեղ: Վիզային բաժնի աշխատակցի անունը Արթուր էր, նա մեզ թուրքերեն ասաց՝ բարով եք եկել մեր երկիր: Դրանից հետո ձեւականորեն հետաքրքրվեց՝ որտեղից ենք եկել, եւ մեզ ասաց լրացնել անգլերեն-հայերեն տարբերակը: 2 նախադասությամբ բացատրեցինք՝ ինչու ենք եկել եւ մեզ ներկայացրինք որպես հետազոտողներ: Արթուրն արագորեն անհրաժեշտ գործողություններն արեց ու ուղարկեց մի այլ աշխատողի մոտ՝ վավերացնելու համար: Առանց տարաբնույթ հարցերի օբյեկտ դառնալու՝ մենք վերցրինք մեր անձնագրերն ու շարժվեցինք դեպի մեզ սպասող մեքենան: Սահմանային անցակետից դուրս գալով՝ մենք շարունակեցինք մեր ուղեւորությունը դեպի հարավ:

Այս երկրում կանաչ գույնն իսկապես գերիշխում էր: Անցանք Սպիտակը, որը մեծապես ավերվել է 1988 թ. երկրաշարժից: Իրար էին հաջորդում գյուղական խրճիթներն ու ագարակները: Երեւում է՝ Սպիտակը վերագտել է իրեն:

Ճանապարհորդության ընթացքում հնչող երաժշտությունը հիշեցնում էր Մահմուտ Տունցերին եւ Բյուլենտ Սերտասին. տպավորություն կար, որ հայկական երաժշտությունը առաջացել է թուրքականից: Եթե չլինեին հայերեն խոսքերը՝ կարող ես հեշտությամբ մտածել, թե երաժշտությունը Մալաթիայից կամ Ուրֆայից է: Սպիտակից հետո, անցնելով Վանաձորը, Աշտարակը եւ Հրազդանը, ժամանեցինք Երեւան: Մեր պատկերացման մեջ Երեւանը բավականին փոքր քաղաք էր: Իրականում Երեւանը տիպիկ անատոլիական եւ սովետական քաղաքների խառնուրդ է՝ ուրույն ճարտարապետությամբ: Բացի դրանից, կան շատ նորակառույց շինություններ, որոնք արժանի են բարձր գնահատանքի:

Մեր մեքենան կանգնեց Երեւանի ավտոկայանում, հենց ես դուրս եկա, տաքսու վարորդին ցույց տվեցի Կարինեի տված հասցեն, նա ասաց, որ մեզ այդտեղ կհասցնի 10 դոլարով: Սկսեցինք սակարկել, բայց վարորդը հաղթեց: Ավտոկայանից տաքսիով Էրեբունի հասանք մոտավորապես 20 րոպեից: Վարորդը ռուսերենով հարցրեց, թե որտեղից ենք գալիս: Մենք ասացինք, որ գալիս ենք Թբիլիսիից, բայց նա մեր ակցենտից հասկացավ, որ վրացի չենք, ու հետաքրքրվեց, թե որտեղից ենք ծնունդով: Ակամայից պատասխանեցի, որ Մալաթիայից եմ, որպեսզի ընդհանուր լեզու գտնեմ նրա հետ: Վարորդը մի պահ շոկի մեջ էր, հետո ասաց, թե պատասխանս չի հասկանում: Ես ընկալեցի այս նյարդայնությունը որպես հնարավորություն եւ այդ ժամանակ ուրիշ պատասխան տվեցի:

Մենք սպասեցինք մեր ընկերոջը՝ Կարինեին, «Սթար» սուպերմարկետի մոտ: Որոշ ժամանակ անց նա եկավ եւ մեզ տարավ այն մոթելը, որն արդեն պատվիրել էինք: Մոթելի սեփականատերը մի ամուսնական զույգ էր, որը ծանոթ էր մեր ժողովուրդներին: Նրանք մեր անունները հատուկ շեշտադրությամբ էին կանչում՝ ասելով Մեհմեդ, Իսմայիլ, բարով եք եկել… Կարինեի շնորհիվ մենք վարձեցինք մի շատ լավ սենյակ՝ խելամիտ գնով, եւ բաժանվեցինք մեր ընկերոջից՝ խոստանալով հանդիպել նրան երեկոյան մեր սենյակում: Մոթելի սեփականատերերը ռուսերենով մեզ ասացին, որ երբ ինչ-որ բանի կարիք ունենանք, իրենց տեղեկացնենք: Մենք ուտելիք հայթայթեցինք մոթելի մոտ գտնվող խանութից՝ նախընտրելով գաղտնի պահել մեր թուրք լինելը. անգլերեն էինք խոսում:

Երեկոյան հանդիպեցինք Կարինեին եւ միասին գնացինք հանրահայտ Հանրապետության հրապարակ՝ 36 համար ավտոբուսով: Հրապարակը լի էր տարբեր երկրներից ժամանած զբոսաշրջիկներով: Ամեն երեկո այնտեղի մեծ ջրավազանում ջրային շոու է՝ արեւմտյան կլասիկ երաժշտությամբ:

Դեպի «Սքուաեր ուան» սրճարան տանող ճանապարհին խոսում էինք ճարտարապետության եւ ոչ վաղ անցյալի պատմության մասին: Իսկ «Սքուաեր ուանում» սկսեցինք քննարկել տարբեր հարցեր եւ եզրակացրեցինք, որ Թուրքիա-Հայաստան ընդհանուր անցյալը իսկապես մեծ ու հարուստ փորձառություն ունի:

Հայաստանում լուրջ քարոզչամիջոցները թաքցնում են այն փաստը, որ «millet-i-sadika»-ը ոչ վաղ անցյալում շատ կարեւոր էր Թուրքիայում:

Նաեւ զրուցեցինք այլ հարցերի մասին, ինչպես օրինակ՝ կրոնական ու սոցիալական արտոնություններից, որոնք Ֆաթիհ սուլթան Մեհմեդը տվել էր հայերին: Հիշեցինք Թուրքիայում սահմանադրական միապետության ժամանակաշրջանի հայազգի ներկայացուցիչներին, ինչպես նաեւ՝ այն հայազգի երաժիշտներին, որոնք կարեւոր դեր են ունեցել թուրքական երաժշտության մեջ:

Կարինեն հաջողացրել է հաղթահարել այն քարոզչական կաղապարը, որ կառուցված է Հայաստանում՝ թուրքերի մասին: Նա այն մարդկանցից է, ով հավատում է, որ մի օր պետք է խաղաղություն ու բարեկամություն լինի 2 ազգերի միջեւ: Մենք նրան հրավիրեցինք Թուրքիա: Նա պատմում էր, որ իր նախահայրերը Մուշից ու Վանից են եղել եւ հույս են ունեցել, որ ապագայում ամեն բան լավ կլինի:

Հայաստան-Թուրքիա հարաբերություններում բացթողում է այն, որ հարցին մոտենում են ծայրաստիճան քաղաքականացված կամ էլ առաջարկում են ուժ գործադրել թուրքերի վրա՝ որոշակի զիջումների հասնելու համար՝ անտեսելով կարմիր գիծը: Բայց մինչ օրս ջանքեր, որոնք կստիպեին երկու կողմերին քննարկել սեփական խնդիրները, կարծես, չեն եղել: Այժմ երկու կողմն էլ տարբեր մակարդակի հանդիպումներ կազմակերպելու եւ փոխադարձ երկխոսություն հաստատելու կարիք ունեն:

ՄԵՀՄԵԴ ՖԱՏԻՀ ՕԶՏԱՐՍՈՒ
«
Կասպյան» շաբաթաթերթ

http://aravot.am/am/articles/guidepark/82484/view

You can leave a response, or trackback from your own site.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: Free Web Space | Thanks to Best CD Rates, Boat Insurance and software download