Հայերը Թուրքիայի պատմության մեջ առանձնահատուկ դիրք են զբաղեցնում

«Հայաստանի զրուցակից» թերթը հարցազրույց է հրապարակել թուրք վերլուծաբան Մեհմեթ Ֆաթիհ Օզթարսու հետ: «Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնվող այլ ազգերի համեմատ` հայերը Թուրքիայի պատմության մեջ առանձնահատուկ դիրք են զբաղեցնում. հարկ է, որ այս փաստն ուշադրության առնենք: Հավատացած եմ, որ այսօր միմյանցից օտարված այս երկու ժողովուրդները կարողանալու են խաղաղության մեջ ապրել: Այդ պատճառով երկխոսության համար առաջին քայլն արեցինք: Թեև այս հոդվածաշարի նախաձեռնությունն անձամբ իմն էր, բայց կարող եմ ասել, որ այդ կարծիքս կիսող բազմաթիվ թուրքեր կան: Այս ուղղությամբ տարվող աշխատանքներում լրատվամիջոցներն անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերում են: Թուրքական մեդիան բավական զգայուն է արձագանքում երկու ժողովուրդների խաղաղության հարցերին: Երկու երկրների միջև եղած հարցերը անպայման պետք է լուծվեն երկխոսության միջոցով: Եվ այդ իմաստով մեծ աշխատանք է ընկած մեդիայի և հ/կ-ների ուսերին»,- ասել է թուրք վերլուծաբանը:

Հարցին` «Հայաստան այցելելուց հետո Ձեր հոդվածաշարով փորձում եք երկու ազգերի միջեւ գոյություն ունեցող պատնեշը ինչ-որ չափով վերացնել, սակայն շատ տեղերում ինքներդ եք հայերին վիրավորող ակնարկներ անում, պրովոկացիոն արտահայտություններ թույլ տալիս: Այսպես օրինակ` ասում եք, որ Հայաստանում երաժշտություն եք լսել եւ տպավորություն եք ստացել, թե հայկական երաժշտությունն առաջացել է թուրքականից: Գուցե թուրքակա՞նն է առաջացել հայկականից:

Կամ` «Սարը գելին» («Շիկահեր հարս») երգը: Դուք Ձեր հայ ընկերոջ բերանով եզրահանգման եք գալիս, թե դա թուրքական է: Բայց գիտենք, որ այն հավասարապես 2 ազգերի երգ է համարվում», Օզթարսուն պատասխանել է. «Իմ հոդվածներում ես ոչ մի ազգի կամ կրոնի չեմ վիրավորում: Դա, ըստ իսլամի, մեծ մեղք է, քանի որ Ալլահը բոլոր ազգերին արարել է միմյանց լավ ճանաչելու և միավորվելու միտումով: Ժողովուրդներին հարգելը մեր առաջին պարտքն է: Այն, ինչ դուք նշել եք որպես սադրանք, դարձյալ մեր միմյանց չհասկանալուց ծնված խնդիր է: Ըստ էության դա նորմալ եմ համարում, քանի որ երկու երկրներն էլ միմյանց հակառակ քարոզչության են ենթարկվել: Նման միջավայրում մարդկանց կողմից որոշ արժեքների տեր կանգնելը շատ բնական է: Հայկական երաժշտությունը թուրքականին նմանեցնելը վատ բան չէ: Սա ցույց է տալիս, որ մենք ընդհանուր արժեքներ ունենք: Չենք ասում, թե ռասիստական բնույթի հայկական երաժշտությունը թուրքականից է սերել:

Դրա իրավունքը ոչ ոք չունի: Ուղղակի որպես շարքային թուրք, ասել եմ, որ հայկական երաժշտությունն իմ ականջում տպավորություն է ստեղծել, որ իր մեղեդայնությամբ նման է լսածս մեր ժողովրդական երգերին: Այսինքն հայ և թուրք երաժիշտները համանման առանձնահատկություններ ունեն, հարյուրավոր տարիներ Անատոլիայում նույն արժեքների կրող են եղել: Մեր համանման երաժշտությունը, խոհանոցը, ավանդույթները թողել են իրենց ազդեցությունը: Դա մի մեծ հարստություն է: Դժվարանում եմ հասկանալ, թե ինչու են «Սարը գելին» երգը խտրականության թեմա դարձրել: Այդ երգը այս տարածաշրջանի ընդհանուր արժեքն է: Այդ երգի շնորհիվ երկխոսության միջավայր հնարավոր չէ°ր լինի ձևավորել: Ըստ իս` երկխոսության համար առաջնահերթ կարելի է խորհրդանիշ դարձնել այդ երգը»:

http://www.panorama.am/am/press/2010/09/24/zrucakic/

You can leave a response, or trackback from your own site.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: Free Web Space | Thanks to Best CD Rates, Boat Insurance and software download