Հայերը թող գան. հող են ուզում` թող վերցնեն, հող շատ կա

Մեհմեթ Ֆաթիհ Օզթարսուն Կովկասի հարցերով Թուրքիայի առաջին մասնագետն է: Համալսարան ավարտել է Ադրբեջանում, այնուհետև իր ուսումնասիրությունները կատարելու համար տեղափոխվել է Հայաստան: Վերջերս լույս է տեսել նրա «Բայց ո՞ր հայերը և թուրքերը» գիրքը: Թուրքական «Զաման» թերթը հայկական հարցի և տարածաշրջանին վերաբերող կարևոր հարցերի շուրջ զրուցել է Օզթարսուի հետ:

Հարցազրույցի առավել ուշագրավ հատվածները ներկայացված են ստորև.

-Դուք թուրք եք և ուսումնասիրություններ եք կատարում Հայաստանում: Կարողանու՞մ եք Ձեր ազգային պատկանելությունից անկախ գործել:

-Փորձում էի անկախ լինել, սակայն ինչ-որ պահից սկսած այն վերածվում է պատվի հարցի: Այս հանգամանքը նույն է նաև հայերի պարագայում: Անգամ հայերը ինձ ասում են. «Թուրքիայից եկած և ցեղասպանության հուշարձան այցելած մարդից, ով դավաճանում է իր ազգին, մենք օգուտ չունենք»: Նրանք միայն մի բան են սպասում՝ մարդկության դեմ կատարված հանցագործության  դատապարտում, այլ ոչ թե թուրքի կողմից հայրենիքի դավաճանություն:

- Հայաստան տեղեփոխվելուց հետո ի՞նչ է փոխվել Ձեր կյանքում:

-Ադրբեջանում ապրած, մալաթիացի  թուրքի Հայաստան տեղափոխությունը ինքնին մեծ փոփոխություն է: Մալաթիան, որտեղ հայեր են ապրել և որը նաև Հրանտ Դինքի ծննդավայրն է, շատ կարևոր է հայերի համար: Հատկապես Ադրբեջանում տեղափոխությունս բավական եղավ իմ դեմ թշնամանք սկսելու համար: Ինձ մեղադրում էին՝ ասելով.  «Առանց այդ էլ Մալաթիայից ես, հաստատ հայ ես»:

-Երկու ժողովուրդները ինչպե՞ս են վերաբերվում միմյանց:

-Երկու ժողովուրդները  միմյանց չեն ճանաչում:  Շատ են հարցնում. «Մեր մասին ի՞նչ են մտածում»: Հայերի մոտ կարծրացած տեսակետ կա, որ սարի այն կողմում մարդկանց կոտորող ցեղ է ապրում: Կան մարդիկ, որոնք իրենց կյանքում երբևիցե թուրք չեն տեսել և կարծրատիպերով են ապրում: Իսկ մեր մոտեցման մեջ տարբերություններ կան: Կան ինչպես թշնամանք տածողներ, այնպես էլ «Մենք ինչ լավ հայ հարևաններ ունեինք» ասողներ:

-Ձեր գրքում ամեն մի դիտարկում մի մարդու պատմություն կարծես լինի: Ինչ եք՞ զգում վկա լինելով հայերի կարոտի դրսևորումներին:

- Շատ հետաքրքիր մարդկանց հետ եմ հանդիպել: Նրանց այդ կարոտը ինձ ապշեցնում է: Ես նրանց հարցնում եմ. «Մալաթիա, Սիվաս և այլ  չզարգացած վայրեր գնալով ի՞նչ եք անելու, ինչպե՞ս եք ապրելու», իսկ նրանք ասում են. «Թող լինի, թող գնանք, մենք այնտեղ ապրենք, մեռնենք մեզ հերիք է»: Այդ տարածքները նրանց համար հայրենիք է: Երևանի թաղամասերն էլ Անատոլիայի նահանգների անուններով են: Մարաշը, Սիվասը, Մալաթիան, Կիլիկիան, Արաբկիրը նրանց համար Հայաստան է:

- Ի՞նչ կլինի, եթե հայերը վերադառնան:

-Ըստ իս՝  որևէ խոչընդոտ չկա: Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն մի գեղեցիկ խոսք ունի՝ «անատոլիական սփյուռք»: Եթե 3 միլիոն են, թող մեկ միլիոնն էլ գա: Եթե 500 հազար Սիրիայից  են գալիս, թող մեկ միլիոն էլ Հայաստանից գան: Հող են ուզում, թող վերցնեն, հող շատ կա:

-Կարծես, այդքա՞ն էլ հեշտ չէ:

-Միանշանակ, այդ ժամանակ էլ քուրդ-հայկական բախումներ կսկսեն: Դա արդեն թող պետության ղեկավարները մտածեն…

-Հավատո՞ւմ եք, որ երկու ժողովուրդների միջև հնարավոր է կամուրջ ստեղծել:

-Իհարկե, հնարավոր է ստեղծել:  Կովկասում Թուրքիայի ներկայության երաշխիքի և Հայաստանի մեկուսացվածությանը վերջ դնելու համար  երկխոսություն է անհրաժեշտ:

-Յուսուֆ Հալաջօղլուն ասում է, որ ծպտյալ հայերը կամաց-կամաց ի հայտ են գալիս և Թուրքիան այս հարցում պետք  շատ ուշադիր լինի: Ձեր կարծիքով նման բան հնարավո՞ր է:

-Հալաջօղլուն իրավացի է: Այո՛, ծպտյալ հայեր կարող են ի հայտ գալ, բայց պետք չէ դա պարանոյայի վերածել…

-Ամեն տարի ապրիլի 24-ին քննարկվում է 1915-ին ցեղասպանություն եղել է, թե՝ ոչ:

-Թուրքիան այս հարցում շատ ինքնավստահ է: Ակտիվորեն զարգացող մի հարց կա, որը չենք կարևորում: Ազգայնական տրամադրություններն ենք ուռճացնում: Եթե Թուրգութ Օզալը ողջ մնար, այս հարցը կլուծեր: Երկրից դուրս մեր առջև դրվող առաջին գործը Հայկական հարցն է:

-Ասում են, որ Թուրքիան մինչև չազատվի Ադրբեջանի խնամակալությունից, չի կարող լուծել այս խնդիրը:

-Ադրբեջանի դերը գերագնահատելու և չկարևորելու  միջև շատ նուրբ գիծ կա: Ադբեջանի հետ հարաբերություններ ունենք: Հայաստանը վախենում է, որ  կարգավորման գործընթացում Թուրքիան Ղարաբաղի հարցը ներկայացնում  է որպես նախապայման: Ղարաբաղյան հարցի լուծումը 3 երկրների համար էլ օգտակար կլինի: Օրինակ՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան բնական գազի խողովակաշարը որքան թանկ արժեցավ, այնինչ Բաքու-Երևան-Ջեյհանը ավելի էժան կիներ:

Sourcehttp://www.ermenihaber.am/?lang_id=2&news_=1&cur_news=17

 

You can leave a response, or trackback from your own site.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: Free Web Space | Thanks to Best CD Rates, Boat Insurance and software download