Ընկերներս ներողություն էին խնդրում պետության համար. թուրք ուսանողը՝ Հայաստանում

Մեհմեթ Օզթարսուն միակ թուրք քաղաքական վերլուծաբանն է, ով սովորել է Բաքվում, Երևանում և Թբիլիսիում: Ավարտելով Բաքվի Կովկասի հալասարանի Միջազգային հարաբերությունների բաժինը՝ նա քաղաքագիտության ու Կովկասի հարցերով մագիստրոսի կոչում ստանալու համար 2011-2013 թթ.-ին սովորել է Հայաստանի Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում և Վրաստանի պետական ​​համալսարանում:  Today’s Zaman-ի հետ զրույցում Օզթարսուն պատմել է՝ ինչպես է լքել Հայաստանը:

- Կովկասում աշխատելու համար ինչ-որ անձնական պատճառներ ունե՞ք:

Ես ավարտել եմ Բաքվի համալսարանն ու այնտեղ ապրել եմ հինգ տարի: Միջազգային հարաբերությունների բաժնի բոլոր մասնագետները պետք է ընտրեին տարածաշրջան, որում պետք է մասնագիտանային: Ես որոշեցի լինել Կովկասի գծով փորձագետ, որը թուրք գիտնականների համար առավել նշանավոր ոլորտներից է:

- Ինչպիսի՞ն էր կյանքը Հայաստանում ուսումնառության ժամանակ: Ի՞նչն էր ձեզ համար այնտեղ անսպասելի:

Առաջին հերթին, թուրքի համար այնտեղ շատ դժվար է: Ես ապրում է մի երկրում, որտեղ քաղաքական ու սոցիալական հակազդեցություն կա Թուրքիայի ու թուրքերի նկատմամբ: Այնտեղ թուրքական դիվանագիտական առաքելություն չկա: Ես երկու խոչընդոտի բախվեցի: Առաջինը՝ ես այնտեղ ապրում էի որպես օտարերկրացի ու որպես թուրք: Երկրորդը, ես մագիստրոսի կոչում ստանալու համար սկսեցի սովորել որպես թուրք ուսանող: Բազմաթիվ իրավական խնդիրներ կան, քանի որ ուսանող լինելու համար պետք է դիմես Կրթության նախարարություն: Բայց քո փաստաթղթերը չեն կարող հաստատվել հեշտությամբ, առանց բազմաթիվ բյուրակրատական քաշքշուկների: Իմ սկզբնական փաստաթղթերի վրա ազգությունս սխալ էր նշված. ըստ հայ պաշտոնյաների՝ ես սիրիացի ուսանող էի, իսկ իմ հայրենիքը Սիրիայի Արաբական Հանրապետությունն էր, քանի որ նրանք չէին կարողանում հավատալ, որ ես՝ թուրքս, դիմել էի Հայաստանում մագիստրոսի կոչում ստանալու համար: Ես բազմազան խնդիրների առաջ էի կանգնել, բայց ոստիկանական հարցաքննությունն ինձ համար առավել անսպասելի բանն էր: Նրանք ինձ հարցնում էին՝ ինչու եմ եկել Երևան ու ինչու էի ուզում ուսանող լինել: Մի քանի անգամ անհասկանալի հարցեր տվեցին: Նրանցից ոմանք ինձ բարի խորհուրդ տվեցին լքել իրենց երկիրը, քանի դեռ ինձ հետ ինչ-որ վատ բան չէր պատահել:

- Հայաստանում ապրելիս երբևէ զգացե՞լ եք, որ Ձեր կյանքին վտանգ է սպառնում:

Որպես թուրք՝ դա շատ նորմալ է զգալ, որ այնտեղ կյանքդ վտանգված է: Վստահ եմ, որ հասարակ մարդիկ ինձ չէին վնասի, բայց ոստիկանությունն այլ բան է: Ոստիկանության կողմից ճնշումն իմ առօրյա կյանքում որոշ մտահոգություններ էր ստեղծել: Նրանք ցանկանում էին, որ ես լքեի իրենց երկիրը ու ինձ արտաքսելու համար պատճառներ էին փնտրում: Նրանք ոչինչ չկարողացան գտնել, բայց կառավարությունում ինչ-որ մեկը խանգարում էր իմ ուսմանը: Վերջապես, ֆակուլտետի դեկանը, որին ես դիմել էի, հայտարարեց, որ իրենք չեն ցանկանում իրենց համալսարանում թուրք ուսանողներ ունենալ:

- Այսինքն, Դուք չկարողացա՞ք Հայաստանում ուսում ստանալ:

Գրանցումիցս յոթ ամիս անց՝ համալսարանս չեղյալ հայտարարեց իմ կրթության իրավունքը, քանի որ Հայաստանի կառավարությունը չէր ցանկանում կրթություն տրամադրել թուրքին: Ես ստիպված էի լքել համալսարանը, չնայած բոլոր դասախոսներս փորձում էին կանխել դա: Սա կարևոր մտավախություն է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել կամ աշխատել Հայաստանում: Թուրքական դիվանագիտական առաքելություն չկա, այսինքն՝ արտակարգ իրավիճակներում ոչինչ չես կարող անել: Մյուս կողմից, Հայաստանի կառավարությունը պետք է ապահովի բոլորի համար կրթություն ստանալու հավասար իրավունքները, այլ ոչ թե նրանց դեմ խտրականություն դնի՝ իր միջազգային պարտավորություններից ելնելով:

- Ի՞նչ եղավ վերջում:

Ես տեղափոխվեցի վրացական համալսարան Թբիլիսիում ու ավարտեցի մագիստրոսի կրթությունս: Հայաստանում նախկին համալսարանիս որոշ դասախոսներ հեռացվեցին աշխատանքից՝ իրենց կառավարության որոշման դեմ հանդես գալու և իմ իրավունքները պաշտպանելու համար: Հեգնական դեպք տեղի ունեցավ. բոլոր ընկերներս ներողություն խնդրեցին իրենց պետության անունից: Ըստ նրանց՝ օտարերկրացիների, հատկապես թուրքերի դեմ ճնշում գործադրելը Երևանի պաշտոնյաների ամենակարևոր խնդիրներից է: Խորհրդային մենթալիտետը դեռևս պահպանվում է. այդ առումով, Հայաստանում Խորհրդային Միությունը չի փլուզվել: Ես Հայաստանում աշխատել փորձող թուրքերի մասին շատ տարօրինակ պատմություններ գիտեմ: Նրանցից շատերը Երևանի պաշտոնյաների սպառնալիքի տակ են, իսկ նույն քաղաքական գործիչները Թուրքիային մեղադրում են հայ միգրանտների հարցում:

- Թուրքիայում շատ քչերը գիտեն Հայաստանի մասին, ու թե ինչպես են մարդիկ ապրում այնտեղ: Ի՞նչ եք կարծում, թուրքերը Հայաստանի մասին ի՞նչ առասպելների են հավատում:

Մեզ թվում է, թե այդ երկիրն ամբողջովին դեմ է թուրք ժողովրդին: Արդյունքում, չկա վստահություն, որը կստիպեր ցանկանալ այցելել ու հանդիպել այդ ժոովրդին: Իմ գրքում ես առասպելների մասին մի քանի օրինակներ եմ բերել: Ես մարդկանց միջև երկխոսության կողմնակիցն եմ: Կարող եք տարբեր ընդհանուր արժեքներ գտնել, եթե հանդիպեք հայի: Քաղաքական ճնշումը բացասական գործոն է: Քաղաքական մակարդակով երկու երկրների կառավարություններն էլ անբարենպաստ մոտեցումներ ունեն:

- Ձեր գրքի պատմություններից տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի  քաղաքացիական հասարակությունը բարեհաջող կերպով համագործակցում է Թուրքիայի քաղաքացիական հասարակության հետ: Արդյո՞ք երկու քաղաքացիական հասարակությունների միջև համագործակցությունը նվազել է այն պատճառով, որ Թուրքիայի ու Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու նախաձեռնությունները ձախողվել են:  

Քաղաքացիական հասարակության գործողությունների մեծ համայնապատկեր կա, ու կարող եմ ասել, որ մեր քաղաքական խնդիրները կլուծվեն այս նախաձեռնությունների շնորհիվ: Երիտասարդ ու լիբերալ մարդիկ միացել են ու քննարկում են իրենց օրակարգերը, առանց որևէ քաղաքական դրդապատճառների: Նրանք կարող են ֆինանսական աջակցություն ստանալ Արևմտյան կազմակերպություններից: Նրանց աշխատանքը արժեքավոր է. նրանք հաշվետվություններ, հետազոտությունների և շոշափելի ծրագրեր են ստեղծում: Կարծում եմ՝ քաղաքացիական հասարակությունը կարող է դիվանագիտական հարաբերությունների համար հիմքեր կառուցել: Մենք պետք է մարդկանց շրջանում վստահության մթնոլորտ ստեղծենք: Հայաստանի ու Թուրքիայի ժողովրդի մեծ մասը դեմ էր կարգավորման գործընթացին՝ անբավարար քաղաքացիական նախաձեռնությունների պատճառով: Այսօր, սակայն, իրավիճակը տարբեր է ու քաղաքացիական հասարակության ակտիվիստները հարաբերությունների կարգավորման հարցում կարող են առաջատար դեր զբաղեցնել: 

Source: http://www.epress.am/2013/10/28/%D5%A8%D5%B6%D5%AF%D5%A5%D6%80%D5%B6%D5%A5%D6%80%D5%BD-%D5%B6%D5%A5%D6%80%D5%B8%D5%B2%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D5%A7%D5%AB%D5%B6-%D5%AD%D5%B6%D5%A4%D6%80%D5%B8%D6%82%D5%B4-%D5%BA.html

You can leave a response, or trackback from your own site.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: Free Web Space | Thanks to Best CD Rates, Boat Insurance and software download