Հայաստանն ու Թուրքիան աֆրիկյան պետություններ չեն, որպեսզի ունենան փշալարերով փակված սահմաններ

Օրերս լույս է տեսել թուրք լրագրող Մեհմեթ Ֆաթիհ Օզթարսուի թուրքերեն լեզվով հրապարակված «Սակայն ո՞ր թուրքերն ու հայերը» գիրքը: Ձեզ ենք ներկայացնում ԳԱԼԱ-ի հարցազրույցը:

-Մեհմեթ, կպատմե՞ք, թե ինչի մասին է Ձեր գիրքը:

-Գրքի թուրքերեն անունն է “Ama Hangi Türkler ve Ermeniler”, որը թարգմանաբար հայերեն նշանակում է «Սակայն ո՞ր թուրքերն ու հայերը»: Իմ գիրքը պարունակում է տարբեր դիտարկումներ, որոնց ականատես եմ եղել Հայաստանում մնացած իմ 3 տարիների ընթացքում: Գրքում ես վերլուծում եմ թուրքերի և հայերի միջև առկա խնդիրներն ու փորձում եմ գտնել մի շարք հետաքրքիր հարցերի պատասխաններ: Գիրքը կազմված է երկու մասից: Առաջին մասը երկու հասարակությունների միջև առկա հարաբերությունների ու երկու երկրների միջև առկա միջպետական հարաբերությունների մասին է: Առաջին գլուխը պարունակում է հետաքրքիր պատմություններ հայերի հետ իմ շփման մասին, և այդպիսով ես թուրքերի համար հայերի մասին անսովոր կերպար եմ ներկայացրել: Ովքե՞ր են հայերը: Ինչպե՞ս է անցնում նրանց առօրյան: Ինչպե՞ս են հայերը վերաբերվում թուրքերին: Սրանք են այն հիմնական հարցերը, որ հետաքրքրում են թուրքերին: Գրքի երկրորդ գլխում ես տարբեր վերլուծություններ եմ անում Հայաստանի Հանրապետության և միջազգային արենայում նրա զբաղեցրած դիրքի մասին: Մի խոսքով, սա թուրքական գրականության շարքում եզակի է, քանի որ այն գրվել է մի թուրք երիտասարդի կողմից, ով ապրել ու աշխատել է Երևանում, Բաքվում ու Թբիլիսիում: 

-Ինչպե՞ս սկսեցիք գիրքը գրել:

-Ես որոշեցի գիրք գրել անցած տարի, քանի որ չափազանց շատ գրառումներ ունեի, որոնք արել էի 2010 թվականից ի վեր, երբ Երևանում էի: Ես կարծում եմ, որ իմ դիտարկումները կարող են կարևոր դերակատարություն ունենալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար: Ես ցանկանում եմ իմ ջանքերը ևս ներդնել հայերի ու թուրքերի միջև խաղաղության կամուրջի կառուցման գործում: Այսպիսով իմ գիրք գրելու հիմնական դրդապատճառը եղել է Հայաստանի հետ խաղաղություն ձեռք բերելու իմ մոտեցումը:

Ի՞նչ եզրահանգում կարելի է անել գիրքն ընթերցելուց հետո:

-Մենք չենք կարող որևէ եզրահանգումների մասին խոսել այսօր, քանի որ հայ-թուրքական միջպետական և միջքաղաքացիական շփումների գործընթացում ոչ մի առաջընթաց չկա: Երկու կողմերը չեն ճանաչում միմյանց փակ սահմանների պատճառով: Երկխոսության համար ոչ մի հնարավորություն չկա: Սակայն մենք` գրողներս, կարող ենք գիրք գրելով կամ ֆիլմեր նկարահանելով խաղաղություն ձեռք բերելու գործընթացում արժեքավոր ներդրումներ ունենալ: TRT և Al Jazeera հեռուստաընկերությունների համար հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ կարևոր 2 վավերագրական ֆիլմեր եմ նկարահանել: Այս գրքում մի թուրք երիտասարդի լավատեսական մոտեցում կա: Ես չեմ խոսում որևէ պատմական ողբերգության կամ հաղթանակի մասին: Ես միայն խոսում եմ հնարավոր մոտեցումների մասին և ցանկանում եմ տեսնել երկու ազգերի պայծառ ապագան: Չեք պատկերացնում, թե ինչքա՜ն դատապարտող նամակներ եմ ստացել…

Ընդունո՞ւմ եք, որ 1915 թվականին Օսմանյան Թուրքիան իրականացրեց Հայոց ցեղասպանությունը:

-Այն, ինչ եղել է 1915 թվականին, մեծ ողբերգություն է: Կարծում եմ, որ Թուրքիան պետք է հայերի ունեցվածքային խնդիրները բարձրացնի և բոլոր Օսմանյան կայսրության ժամանակ այստեղ ապրած հայերին հետ Անատոլիա կանչի:

- Ըստ Ձեզ` ինչպե՞ս պետք է լուծվի հայկական հարցը:

-Դա միայն հայերից ու թուրքերից է կախված: Ոչ մեկը չպետք է միջամտի այս հարցին: Մենք պետք է հավաքվենք ու խոսենք մեր երկարատև խնդիրների մասին: Ի՞նչ ես պաշտպանում: Ի՞նչ ակնկալիքներ ունես: Մենք պետք է միմյանց այս հարցերը տանք, որպեսզի գտնենք մեր հարցերի լուծումները: Մենք խոսելու ու միմյանց ճանաչելու կարիք ունենք:

- Ինչքանո՞վ եք կարևորում հայ-թուրքական սահմանի վերաբացումը:

-Դա երկու երկրների հարաբերությունների մեջ արմատական փոփոխություն կլինի: Նախ և առաջ առևտրական հարաբերությունները կակտիվանան և երկու երկրների քաղաքացիները կսկսեն միմյանց ճանաչել: Մեր սահմանները փակ են, բայց մենք աֆրիկյան պետություններ չենք: Երկու ժամանակակից պետություններ ենք, որտեղ մարդիկ ունեն այս դարին համապատասխան բարձր ապրելակերպ: Անհավատալի է տեսնել փակ սահմաններ: Ես այցելել եմ հայ-թուրքական սահման, երբ Գյումրիում էի: Անհանգստացնող իրավիճակի ականատես եղա: Մեր սահմանները փակված էին փշալարերով: Սա անընդունելի է: Երկխոսությունը կսկսվի միայն սահմանի բացումից հետո:

Ճիշտ համարու՞մ եք, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցում Թուրքիան շահարկում է Լեռնային Ղարաբաղի հարցը:

-Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի խնդիրն է: Ադրբեջանը մեր ռազմավարական գործընկերն է և, հետևաբար, Ղարաբաղի խնդիրը կարևոր դեր է կատարում: Բայց Անկարան չպետք է ղեկավարի գործընթացն ու գերագնահատի Բաքվի դերը: Սակայն կարծում եմ այսօր կա խելամիտ բանաձև գտնելու հնարավորություն, և Անկարան կարող է միայն կենտրոնանալ հայ-թուրքական հարաբերությունների մերձեցման վրա: Միակ բանը, որ մենք պետք է իմանանք, դա այն է, որ Հայաստանն ու Թուրքիան միմյանց կարիքն են զգում տարածաշրջանային համագործակցության բարելավման հարցում:

Տաթև Ֆռանգյան 

http://www.galatv.am/news/view/55sa4a.html

 

 

You can leave a response, or trackback from your own site.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: Free Web Space | Thanks to Best CD Rates, Boat Insurance and software download