Պետք է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Թուրքիայի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի վերլուծաբան, գրող Մեհմեթ Ֆաթիհ Օզթարսուի հետ:

– Դուք՝ որպես Թուրքիայի մտավորականության ներկայացուցիչ, ի՞նչ եք կարծում՝ ինչ պետք է անեն Թուրքիայի իշխանությունները Հայոց ցեղասպանության 100-ամյակին:

-Ինչպես գիտեք՝ Թուրքիայի մտավորականությունը կողմ է պետական իշխանությունների կողմից Ցեղասպանության ճանաչմանը: Կարծում եմ՝ 100-ամյակի շեմին Անկարան կարող է սիմվոլիկ քայլերի գնալ` հայ ժողովրդի հանդեպ իր համակրանքը ցույց տալու համար: Ցեղասպանության ճանաչումը դժվարին հարց է, քանի որ այս պետությունը չի եղել այն ժամանակ: Օրենքով անհնար է ճնշում գործադրել այս պետության վրա: Սակայն կարեւոր է տեսնել, որ նեոօսմանիզմն աճում է հատկապես Արդարություն ու զարգացում կուսակցության կառավարման օրոք: Մենք կարող ենք հարց ուղղել, թե արդյոք Թուրքիան պաշտպանում է կամ չի պաշտպանում Օսմանյան կայսրության ժառանգությունն ամբողջությամբ: Թուրքիայի նախագահն ու մնացած բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում են, որ Թուրքիան Օսմանյան կայսրության իրավահաջորդն է: Իսկ Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրության ժառանգության մի մասն է, ու հենց այդ խմբի մարդկանց կողմից էլ իրականացվել է, իսկ ինչու չեն ճանաչում: Սա տրամաբանությանը չի համապատասխանում:

-Ճիշտ համարում եք, որ Թուրքիան հենց 100-ամյակի օրը` ապրիլի 24-ին, որոշեց տոնել Գալիպոլի ճակատամարտի տարելիցը, մինչ դեռ Գալիպոլի ճակատամարտը սկսվել է 1915 թ. մարտի 18-ին ու շարունակվել մինչ 1916 հունվարը: Ձեր կարծիքով՝ ի՞նչ նպատակ է հետապնդում Թուրքիան:

-Դուք նշեցիք, որ Գալիպոլը սկսվել է մարտի 18-ին, եւ Թուրքիան այն տոնում է հենց այդ նույն օրը: Դուք ճիշտ եք: Գալիպոլի ճակատամարտը ոչ մի կապ չունի ապրիլի 24-ի հետ: Սակայն Թուրքիան փորձում է ընդհանուր տոնակատարություն կազմակերպել իմպերիալիզմի խորհրդանշանի դեմ պայքարելու համար: Լավ գաղափար կլիներ միասին հավաքել հայ ու թուրք քաղաքական գործիչներին այդ իմաստալի օրը: Չէ որ հայ զինվորները եւս պայքարել են Օսմանյան հայրենիքը պաշտպանելու համար: Սակայն է՛լ ավելի լավ կլիներ, եթե Թուրքիայի նախագահը նախ ընդուներ Սարգսյանի հրավերը: Հայաստանի նախագահը խելացի մարդ է, ու նա իր կարծիքն այլ կերպ արտահայտեց: Նա իրավացի է: Ես կցանկանայի նախ Թուրքիայի նախագահին տեսնել Երեւանում, ինչից հետո կկարողանային միասին այցելել Գալիպոլի: Դա կարող էր երկու երկրների հարաբերություններում հիասքանչ շրջադարձ լինել:

-Դուք Հայաստանի վերաբերյալ նովել եք գրել, կպատմեք՝ ինչի՞ մասին է այն:

-Ես մի շատ հետաքրքիր նովել եմ գրել Հայաստանի մասին: Դրա բովանդակությունը ներկայացնում է տարածաշրջանում Հայաստանի ներկայիս դրությունը` ընդգծելով Թուրքիայի, Ադրբեջանի ու Ռուսաստանի հետ հարաբերությունները: Անկասկած, ինչպես սովորաբար է լինում, կա սիրո պատմություն, բայց ոչ միայն հայ աղջկա ու թուրք տղայի միջեւ: Երկու ազգերի միջեւ հարաբերություններում հիմնավոր բարդություններ կան: Օտարերկրացի ընթերցողը կկարողանա տեսնել Երեւանի ամեն մի անկյունը: Թուրքերը, հայերն ու նաեւ ադրբեջանցիները շատ կհավանեն այս նովելը: Իմ նովելը կհրապարակվի փետրվարին, ու խոստանում եմ, որ դու կլինես առաջինը, ում հետ կխոսեմ իմ նովելի մասին:

-Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչպես կզարգանան հայ-թուրքական հարաբերությունները 100-ամյակից հետո:

-Ամեն ինչ կախված է մեր երկու ժողովուրդներից: Հարաբերությունները կփոխվեն այնպես, ինչպես մենք կցանկանանք: Նախ եւ առաջ մենք պետք է ինքներս մեզ հարց տանք, թե՝ ցանկանում ենք, արդյո՞ք, ինչ-որ բան զարգացնել:

-Որպես թուրք ազգի ներկայացուցիչ՝ ի՞նչ կցանկանայիք անձամբ ասել հայ ժողովրդին մարդկության հանդեպ մեծ ոճրագործության կապակցությամբ:

-Ընդդեմ մարդկության հանցագործությունը ոչ միայն Ցեղասպանությունն է, այլ նաեւ՝ մեկ մարդու սպանությունը: Կարծում եմ՝ մենք կարող ենք ապրել խաղաղությամբ` մոռանալով մեր մեղքով լի պատմությունը:

Զրուցեց Տաթեւ Ֆռանգյանը / http://armlur.am/299661/

You can leave a response, or trackback from your own site.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: Free Web Space | Thanks to Best CD Rates, Boat Insurance and software download